Киевская Армянская Община 2009-2012

Երևանում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը

 

 

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը:


Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:


Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը գիտաժողովին. «Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ մի հետաքրքիր համաժողովում, որն անցկացվում է «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով և հույս ունեմ ապագայում այն ավանդական կդառնա: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը: Նպատակ ունենք ոլորտի հայտնի մասնագետների հետ համատեղ ջանքերով ոչ միայն ներկայացնել այն ամենը ինչ ձեռք ենք բերել, այլև նախանշել այն քայլերը, որ պետք է ձեռնարկենք հայության հարցերը առաջ տանելու համար՝ հայկական ներուժի համախմբմամբ և օգտագործմամբ: 21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող դար է: Մենք արդեն վեց կայք ենք ստեղծել՝ հաշվի առնելով Սփյուռքի ցանկությունները, կարիքները, առաջարկները: Շնորհակալություն ՀԲԸՄ-ին՝ Հայկական վիրտուալ համալսարան ստեղծելու համար: Այն այսօր հաջողությամբ գործում է, լուծելով հայապահպանման, հայոց լեզվի պահպանման կարևորագույն խնդիրներ: Ցավոք մեր ներուժի հնարավորությունները և ստեղծածը համարժեք չեն: Մեծ ասելիք և անելիք ունենք: Մտածենք համահայկական վիրտուալ տարածք ստեղծելու մասին: Մեր մշակութային ժառանգության զգալի մասը գտնվում է հայկական սահմաններից դուրս, չկորցնելու համար պետք է թվայնացնենք այն: Մաղթում եմ մեր գիտաժողովին արդյունավետ աշխատանք»:


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես կարևորեց գիտաժողովի անցկացումը որպես համահայկական հիմնախնդիրները համատեղ, սեփական ուժերով լուծելու հնարավորություն:


«Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» խորագրով առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ոլորտի մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից:


«Հայկական աշխարհը համացանցում. հիմնախնդիրներ և զարգացումներ» թեմայով զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:


Խոսելով ազգային առաջնահերթությունների մասին՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ռեկտոր Երվանդ Զորյանը (ԱՄՆ) կարևորեց հայոց լեզվի և հայկական մշակույթի պահպանումը:


Երևանի պետական համալսարանի դասախոս Արթուր Ավագյանը ներկայացրեց զեկուցում «Ուսուցողական ռեսուրսների վիրտուալիզացիա» թեմայով:


«Հայալեզու հեռավար կրթությունը՝ կրթության մատչելիության բարձրացման մոդել» թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:


Երևանի պետական համալսարանի ասիստենտ Գրիգոր Ղազարյանն անդրադարձավ «Հայկական իրականությանը վերաբերող համացանցային հրապարակումներ՝ իտալերեն լեզվի դասընթացներում»:


«Հայազգ» էլեկտրոնային հանրագիտարանը. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով զեկուցումով հանդես եկավ Ռուսաստանի «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:


Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Բալասան Հարությունյանը ներկայացրեց Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանները:


ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ASNET-AM ցանցի սպասարկման խմբի ղեկավար Նարինե Մանուկյանը ներկայացրեց «Հայկական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց. զարգացումը և հեռանկարները» թեմայով զեկուցում:


Զեկուցումներով հանդես եկան նաև՝ «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ «Հակահայկական տեղեկատվական գործունեությունը համացանցում», «Տապան» թանգարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը՝ «Համացանցի դերը ռուսաստանյան սփյուռքում համայնքային զարգացման և ազգային ինքնության պահպանության գործում» և Ինովացիոն և Արդյունաբերական Զարգացման Հիմնադրամի փորձագետ Մարգարիտա Ղազարյանը՝ «Հայկական մշակույթի և արվեստի էլեկտրոնային ներկայացուցչությունների որակի և պահանջվածության համեմատական վերլուծություն՝ վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի վարկանիշի հիման վրա» թեմաներով:


Նիստի ավարտին տեղի ունեցավ շահագրգիռ և բովանդակալից քննարկում, որին մասնակցեցին Չեխիայի «Օրեր» ամսագրի պատասխանատու Աննա Կարապետյանը, Լիբանանի Ազգային Առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Րաֆֆի Դեմիրճյանը և Ռուսատանից՝ Աշոտ Ավետիսյանը, Սամվել Մարտիրոսյանը և ուրիշներ:


Գիտաժողովն աշխատանքը կշարունակի օգոստոսի 26–ին՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով:

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


 
Ближайшие мероприятия общины: