Киевская Армянская Община 2009-2012

Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքը՝ Մայրենիի շաբաթվա շրջանակում

Փետրվարի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ տեղի ունեցավ Խնկո Ապոր գրադարանի և ՀՀ հրատարակիչների ասոցիացիայի կողմից կազմակերպված Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ Ռազմիկ Դավոյանը, Լիպարիտ Սարգսյանը և այլ գրողներ, արվեստագետներ, դպրոցականներ:

Բացման խոսքով հանդես եկավ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և նշեց, որ որ այս ցուցահանդեսը առանձնահատուկ է նրանով, որ նախաձեռնությանը միացել է Սփյուռքի նախարարությունը, և այն կազմակերպվել է Մայրենիին նվիրված շաբաթվա շրջանակում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց գիրն ու գրականությունը, հոգևոր արժեքները ներկայացնելու նման նախաձեռնությունները, որոնք ընթերցասիրության ազդակներ են հաղորդում երեխաներին, կապում նրանց ազգային արմատներին: Նախարարը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ Խնկո Ապոր անվան գրադարանում` մանկապատանեկան գրքերի աշխարհում հավաքվել են գրողը, ընթերցողն ու հրատարակիչը: Դուք գիտեք, որ Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», և հայոց պետական տոնացույցում ևս այն իր արժանի տեղն ունի, իսկ փետրվարի 18-24-ը Սփյուռքի նախարարությունը հայտարարել է Մայրենիի շաբաթ, որի շրջանակում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Շնորհավորում եմ բոլորին և հրավիրում մասնակցելու մեր միջոցառումներին: Վստահ եմ, որ մեր սերունդները կպահպանեն մայրենի լեզուն` որպես բարձրագույն արժեք, որպես սրբություն, կհարստացնեն կարդալով, առնչվելով հայ գրավոր մտքին գեղարվեստական գրականությանը և կփոխանցեն սերունդներին:

Ներկաներին ողջունեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային խորհրդական և մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մելքին, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Միջոցառմանը իրենց շքեղ հրատարակություններով ներկայացել էին Հայաստանի ճանաչված հրատարակիչներ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 
Ближайшие мероприятия общины: