Киевская Армянская Община 2009-2012

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությանը


Հուլիսի 7-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակութային գործիչներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.  «Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Ոզում եմ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, որ ձեզ պահեցին, սիրեցին, դարձան ձեր հարազատները: Ուզում եմ շնորհակալ լինել ձեր ծնողներին, որ հավատացին մեզ, ձեզ ուղարկեցին «Արի տուն» և ծրագիրը իրականություն դարձավ: Ուզում եմ, որ այս օրը ձեզ համար պատմական լինի, ու երբեք չմոռանաք: Այսօր ձեզ հետ հանդիպման է եկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահը՝ կարևորագույն ինստիտուտներից մեկի ղեկավարը»:

Ազգային ժողովի նախագահը բարի երթ մաղթեց սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին: Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն «Արի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ, իմ կրտսեր հայրենակիցներ: Ուրախ եմ այսօր ձեզ հետ հանդիպելու համար: Հայաստանը և Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություններ ունեն հասնելու իրենց նպատակներին: Հայաստանը ուժեղ է Սփյուռքով, և Սփյուռքը՝ Հայաստանով, նրանք իրար կապված են բազմաթիվ երակներով, որոնցից մեկն էլ դուք եք: «Արի տունը» հայապահպանության և հայրենադարձության ծրագիր է: Լիահույս եմ, որ ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Դուք կլինեք Հայաստանի դեսպանները սփյուռքում և սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում: Ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ առողջ, խրոխտ, ուրախ ու համարձակ: Ողջունունում եմ ձեզ, Հայաստանը ձերն է»:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում, երգեցին ու պարեցին խարույկի շուրջ:

Նշենք, որ ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Հունգարիայից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 
Ближайшие мероприятия общины: