Киевская Армянская Община 2009-2012

Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք։
26.10.2021 18:29

«Կաթողիկոսական ծանր բեռը միասնաբար պիտի կրենք՝ հանուն մեր հավատացյալների հավիտենական փրկության»

2021թ. հոկտեմբերի 24-ին Բեյրութի կենտրոնական Սբ. Գրիգոր Լուսավորիչ-Սբ. Եղիա աթոռանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ գահակալության հայրապետական մեծաշուք արարողությունը՝ Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում՝ համալիբանանյան և համահայկական մասնակցութեամբ, հանդիսացավ սիրո և միասնականության մի հրավեր:

Հայ Կաթողիկէ եկեղեցու եպիսկոպոսաց դասը սեպտեմբերի 23-ին՝ մեկ ամիս առաջ, ընտրել էր Հայ Կաթողիկէ Եկեղեցու նոր հայրապետին՝ Ամեն. և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին: Նրա գլխին դրվեց ոսկեթել քողը և հանձնվեց Պատրիարքական գավազանը, ապա նա ուղղվեց մինչև Պատրիարքական Աթոռը և բազմեց՝ սկիզբ տալով նորընտիր Կաթողիկոս Պատրիարքի պարտականություններին ու պաշտոնական գահակալությանը, որպեսզի նա, Եկեղեցու տրված իրավունքների և իշխանության միջոցով, ծառայի Աստծո ժողովրդին։

Հոգեպարար արարողությանը ներկա էին մեծ թվով հավատացյալներ և եկեղեցական ու քաղաքացիական բարձրաստիճան անձնավորություններ, որոնց շարքում էր մարոնիթների Պատրիարք և Արևելյան Կաթողիկէ Պատրիարքների ու Եպիսկոպոսների խորհրդի նախագահ Մար Պշարա Բութրոս Ռային, Հույն Կաթողիկէ Անտիոքի Պատրիարք Յուսեֆ Ապսին, Հույն Ուղղափառների Անտիոքի Պատրիարք Հովհաննես Եազեճի Ժ ներկայացուցիչ Առաջնորդ Կոստանտին Քայյալը, Լիբանանում պապական նվիրակ Գերապայծառ Ժոզեֆ Սփիթերիի ներկայացուցիչ Գերապայծառ Ջոզեպպե Ֆրանկոնին, Ն·Ս·Օ·Տ·Տ· Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արմաշ Արք. Նալբանդյանը, Ն·Ս·Օ·Տ·Տ· Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայացուցիչ, Լիբանանի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահե Արքեպս. Փանոսյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, հայ և այլազգի կաթողիկէ հոգևորականներ, եպիսկոպոսներ, առաքինազարդ քույրեր, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի ներկայացուցիչ նախարար Ջորջ Պուճիքյանը, վարչապետ Նեժիբ Միկատիի ներկայացուցիչ՝ նախարար Ժորժ Քալլասը, Խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բագրատունյանը, Բեյրութի նահանգապետ դատախազ Մարուան Ապպուտը, պետական, քաղաքական, զինվորական և պաշտոնական անձնավորություններ, Հոգևոր Տիրոջ հարազատները։

Գահակալության կանոնը հանդիսապետեց Հայ Կաթողիկէ Պատրիարքայության կառավարիչ և Բերիո թեմի Առաջնորդ` Արհ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանը՝ Սինհոդոսական Հայրերով շրջապատված։ Գահակալության արարողության ժամանակ արաբերեն լեզվով Ավետարանը ընթերցեց Ապսի Պատրիարքը, իսկ Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ Ավետարանը արաբերեն լեզվով ընթերցեց Պատրիարք Ռային։

Գահակալության արարողությունից հետո Հայ Կաթողիկէ Պատրիարքայության օգնական եպիսկոպոս Արհ. Տ. Գևորգ Եպս. Ասատուրյանի և ԱՄՆ-ի Տիրամայր Նարեկի թեմի Առաջնորդ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանի առընթերակայությամբ՝ Արհ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը մատուցեց Հայրապետական իր անդրանիկ Սուրբ Պատարագը, որի ընթացքում արտասանած քարոզում երախտագիտություն հայտնեց Աստվածային Նախախնամությանը, որ իրեն կոչել է կաթողիկոսական առաքելության: Նա շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին, որ հաստատեց իր ընտրությունը, ինչպես նաև Սինհոդոսական Հայրերին, եղբայրակից արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին, ովքեր իրեն վստահեցին կաթողիկոսական ծանր բեռը, որը «միասնաբար պիտի կրենք հանուն մեր հավատացյալների հավիտենական փրկության» ասաց Ամեն. Հոգևոր Տերը, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին։

Ամենապատիվ Հոգևոր Տերը խոսեց իր քահանայական կոչումից, որը սկսվեց հենց «այս աթոռանիստ տաճարում և այս ավագ խորանից՝ հեռուներ, շատ հեռուներ գնալու համար…»։

«Երեկ՝ քահանայությանս սկզբում, այստեղ՝ Լիբանանում, եղբայրասպան պատերազմ էր, իսկ այսօր, գահակալությանս սկզբում, վերադառնում եմ այստեղ՝ մշտականաչ մայրիների մեր Հայրենիքը, որպեսզի իմ քույրերի և եղբայրների հետ կիսեմ ամեն տեսակ նեղություն ու տառապանք, որոնց մեջ տառապում է մեր ժողովուրդը։

Սակայն, քանի որ անցյալի դժվարությունները հաղթահարեցինք ու միասնաբար վերապրեցինք, վստահ եմ, որ Աստվածային Նախախնամությամբ և Քրիստոսի՝ Բարի Հովվի անհուն ողորմությամբ մենք պիտի կարողանանք հաղթահարել նաև ներկայի բոլոր նեղությունները», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը, ապա հրավիրեց բոլոր ներկաներին «միասնաբար, ձեռք-ձեռքի տված, սիրտ-սրտով միացած մեր Փրկչին՝ Բարի և Քաջ Հովվին, ապավինել Նրա զորությանն ու հովանուն», ապա ավարտեց քարոզը ասելով. «Բարի և Քաջ Հովվի Մոր՝ Սուրբ Կույս Աստվածածնի պաշտպանության ներքո ապրենք այս տագնապալից ու տառապալից ժամանակաշրջանը՝ խնդրելով Նրա հարատև ներկայությունը մեր առօրյա կյանքում։ Ամեն»։

Սուրբ Զոհի ավարտին ընթերցվեցին Կարդինալ Սանտրիի, Արամ Ա Վեհափառի և Փարիզի առաջնորդ` գերապայծառ Միշել Օ’ Փըթիի շնորհավորական պատգամները, ապա նորօծ Կաթողիկոս Պատրիարքն ընդունեց ներկաների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

ՆԱԶԵԼԻ ԷՊԷԵԱՆ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյան

http://armenianchurchco.com/15187.html

 

 
Ближайшие мероприятия общины: