|

Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը 2017թ. մեկնարկում է հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:
Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդ- ներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն:»
Մանրամասները` http://www.mindiaspora.am/am/eventscalendar/299:
ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժին

|